ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

Տեսիլքներ և մարգարեություններ ի հայս

Տեսիլքներ և մարգարեություններ ի հայս
25.11.2023 | 19:01

Իմ հոգևոր եղբայր և բազմաթիվ խնդիրներում Տիրոջով ինձ հասնող, «Տեսիլքներ Հայոց մասին» երիցս արժեքավոր գրքի հեղինակ Աշոտ Հունանյանն էր ինձ այցելել՝ հաշվի առնելով տարիքային դժվար քայլելու իմ կաշկանդումները։

Մեր զրույցի մեջ մի վկայություն կար, որ մտածեցի ձեզ էլ մատուցել, որպեսզի առավել հաճախակի մասնակցենք կիրակնօրյա պատարագներին, մեր ծնողների համար երկար օրեր խնդրելով և նրանց մահանալիս՝ խաղաղ հանգիստ մաղթելով՝ մեր Տեր ու Փրկիչ Քրիստոսի նրանց հոգիների պահպանությամբ։

Մոտ օրերս մահացել էր ազատամարտիկ-գիտնական մեր եղբոր 90-ամյա հայրը։ Եվ քանի որ առանձին էին բնակվում, եղբայրը շարունակ խնդրել է Աստծուն, որ հոր մահանալիս նրա կողքին լինի, և մահանալիս հայրը երբևէ չչարչարվի, որովհետև հայր ու որդի խոր հոգևոր կապով կապված էին։

Եվ եղբոր աղոթքը լսում է Աստված։

Հայրը, թեպետ 90 տարեկան, սակայն ակնհայտ անհանգստացնող որևէ հիվանդության բողոք չուներ։

Եվ հանգիստ նստած զրուցում էին։

-Այն գործերը, որ պիտի անեի, արել-ավարտել եմ,- ասում է հայրը,- կուզենայի այսօր Տիրոջ մոտ գնալ։

Եվ․․․քսան րոպե անց՝ մահանում է որդու գրկում, խաղաղությամբ, առանց որևէ չարչարանքի։

Եկեք միաբան, Տիրոջ օրհնությամբ՝ ՆԱՐԵԿ ընթերցենք, մանավանդ այս խորհրդախոս գլուխը՝ Աստծուն մերձավոր ծերունիների աղոթական խնդիրների մասին։ Տիրոջ առավել օրհնանքը Նրան լսող կատարողներինն է։ Լսող կատարողներ լինենք, ամենայն ժա՛մ։ Տա՛ Աստված։

Ամե՛ն։

Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

ԲԱՆ ՁԷ

Ա

Եվ արդ, քանի որ՝ իր ավարտին է մոտենում արդեն սակավ մասերով կտակարանը այս ողբերգության, այնպե՛ս արա, Տէ՛ր, որ երբ վախճանի դադարին հասնեմ, իմ մաղթանքների այս խոսքերի հետ՝ ինքնանախատող իմ կշտամբությամբ՝ դադարե՛ն նաև սովորույթները չար իմ կրքերի, քանի որ Ինքըդ Ես սահմաններ կարգել դատապարտվածիս, որ՝ Ավետի՛սը Քո ակնկալեմ՝ այս Բանն ասելով. «Իմ Հոր կամքով չէ՛ մեկն անգամ կորչի այս փոքրիկներից», և դարձյալ. «Այս է Իմ Հոր կամքը, որ՝ ում հանձնել է ինձ, նրանցից մեկն իսկ չկորցնե՛մ երբեք»:

Բ

Ահա Օրհնյա՜լ Ես Դու Քո Գթությամբ, և Քաղցրությամբդ՝ միշտ բարեբանված, Խոստովանվա՛ծ Ես որպես հանդուրժող և համբերատար, ճանաչեցվա՛ծ Ես մեզ խնամարկող Քո Այցելությամբ, Քարոզված Տէ՛րն Ես Փրկության տանող, և ներբողվա՛ծ Ես Քո առատությամբ, Պաշտպան կանգնելու համար պատվըվա՛ծ և Փառավորյա՜լ՝ բերած փրկությամբ, անբավ բարձրությամբ Քո երկրպագվա՜ծ, և պաշտվա՛ծ Քո անքննելիությամբ, գովաբանվա՛ծ Ես մշտահաղթությամբ և վերաձայնվա՜ծ՝ զորությանդ համար, խնկավորվա՛ծ Ես ողորմածությամբ, և համբուրվա՜ծ Ես հեզությանդ համար հար անպատմելի, ճաշակելի՜ Ես Քո խոնարհությամբ, Քեզ հետ՝ Ծնողն է Քո երկընավոր՝ բոլորի՜ Աստված Մխիթարության, Նրա հետ Հոգիդ՝ Քո Սուրբ Բարության: Որ կանոնեցիր՝ անգամ թշնամու գրա՛ստը ընկած, թե՝ անտե՛ս չարվի, և որ նույնն է, թե՝ որ անտե՛ս չարվի՝ գայթակղված մարդն իր անբանությամբ: Եվ որի համար երախտիքներն է Հզորիդ իմ մեջ, իսկ առաքինությունն ամենքից Մեծիդ, տոնելի դարձած՝ փառաբանվո՜ւմ է բարձունքների մեջ՝ առա՛նց դադարի և անվախճորե՜ն: Եվ այս իմ ձայնն էլ աղերսանքների՝ հարգելով, Օրհնյա՜լ, մարտիրոսների պաղատանքներին միախառնված՝ ընդունի՛ր որպես Քեզ հաճելի հոտ ու բուրմո՜ւնք անուշ: Եվ այս փրկանքով հաշտարար խոսքի՝ նախկին պարտքերն իմ և վերքերն իմ այն, որ չե՛ն երևում, թե միջիններո՛վ, թե վերջիններո՛վ, որ մահացնո՛ւմ են անողոքորեն՝ թե ա՛նձ, թե մարմի՛ն՝ բժշկի՛ր իսպառ, թե՛ ներքինս ուղղիր, թե՛ արտաքինս էլ, բոլո՜ր հետքերն ու գծե՜րը բոլոր, և հարվածների խարանները ողջ՝ հանի՜ր ինձանից, մաքրի՛ր դեղերով Քո Ողորմության, կըտըտանքներով խածվածքնե՛րն ամեն՝ իրենց բազմագույն արտահայտությամբ, որ մեր էության բնության ներսում գարշելինե՛ր են՝ ախորժների հետ:

Գ

Եվ եթե հասնեմ ծերության տարվան, մահվան արժանիս՝ առաջնորդությամբ Քո հովվության, այդժամ տկարիս՝ մի՛ լքիր, Օրհնյա՜լ, և թող չանարգվե՛ն մազերս ալեհեր, մի՛ թող կորացվի կործանվածն արդեն, կքվածիս մի՛ թող էլ նվաստացնեն, մի՛ թող գլորեն վար խոնարհվածիս, և առկայծողիս մի՛ թող որ մատնեն հողմի շնչումին, սառածիցս արդեն՝ մի՛ թող, որ հանեն վերարկու ու շոր, և տագնապածիս մի՛ թող անդարման, անխնամ մի՛ թող տունը խարխլված, պատկերն հնացած՝ մի՛ թող անպատվեն, պարարտությունը մի՛ թող, որ անհամ նետվելիք դառնա, մի՛ թող անարգվի փառքը շնորհիդ, քամահրանքի մեջ մի՛ թող որ մնամ որպես հնություն, և հոգուս նավը մի՛ թող, որ ընկնի ալեկոծման մեջ, մի՛ թող կտրվի երկարությունը հոգելից հույսիս, տավիղի լարը՝ մի՛ թող որ խզվի, ուշքը իմաստի՝ մի՛ թող հեռացնեն, եղծված մի՛ թող՝ գոյաբանության կազմվածքը իմ, Քե՛զ բարձրացած թևերս մի՛ թող անեն փետրահան, և գեղեցկության զվարթությունս՝ մի՛ թող տգեղվի, մի՛ թող, որ քաղվի ճաճանչը շողի, և իմ աչքերի պատուհանները մի՛ թող փակ մնան, և լույսը նրանց՝ մի՛ թող խափանվի, խոսուն պատկերը՝ վայր ընկած մի՛ թող, այլ Հարությամբդ կրկին ինձ կյանք տաս:

Դ

Աղաչո՛ւմ եմ Քեզ, ահա, Բարեգո՜ւթ, բոլոր սրբերի հետ միաբանված՝ Քե՜զ եմ պաղատում. այս ամենն ինձնից նախօրո՛ք լսիր, որ չլինի թե՝ հետո մոռանաս: Առաջնորդողն ինձ Դու՝ Ի՛նքըդ եղար, ինչպես այդ մասին սաղմոսն է ասում, և՝ ապրեցըրի՛ր, և նույն երգողի հետ միաբանած՝ ի՛նձ էլ դուրս հանիր այն կարծիքների կասկածանքներից, որոնցից ահա երկնչում եմ ես: Ինքս արժանի չեմ Քեզնից որպես վարձ՝ պա՛րզ կերակուր էլ անգամ ստանալ, բայց Դու Կարո՛ղ Ես և Սովո՛ր Ես ինձ՝ ապերախտի՛ս էլ բարիք պարգևել: Որովհետև որ՝ և՛ զարմանալի՛, և՛ անճառելի բարիքները ողջ՝ Քո՛նն են բոլորն էլ, լոկ Դո՛ւ Կարող Ես հրաշագործել՝ համբերությամբըդ մեզ հանդուրժելով, Հո՛ր հետ միասին, հանապազ Օրհնյա՜լ Սուրբ Հոգովն հանդերձ, հավիտյա՜նս հավետ:

Ամէ՛ն:

Փոխադրությունը` Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆԻ

Դիտվել է՝ 2325

Մեկնաբանություններ